Tag Archives: պատմություն

  • 0

«Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» գիտաժողով

Tags : 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնը հրավիրում է սոցիալական և հումանիտար գիտությունների մասնագետներին մասնակցելու «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» գիտաժողովին:

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան  2018 թ.-ի ապրիլի  26-ին և 27-ին՝ Պատմության ֆակուլտետի դահլիճում (ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52)։

Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Հնարավոր են ռուսերեն և անգլերեն ելույթներ, որոնց համար ապահովվելու է թարգմանություն: Հրավիրվում են սոցիալական և հումանիտար գիտությունների ներկայացուցիչները՝ մշակութաբաններ, ազգագրագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արվեստաբաններ և բանասերներ:

Զեկուցման հիմնադրույթները և հեղինակների գիտական փորձի ու հրապարակումների կարճ նկարագրությունը (մեկ պարբերությամբ) ներկայացնել մինչև փետրվարի 25-ը: Մանրամասները՝ հետևյալ հղումով:


  • 0

«Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց» միջազգային գիտաժողով

Tags : 

2018 թ. սեպտեմբերի 10-12-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովում ենթադրվում է քննարկել հետևյալ խումբ հարցերը.

  1. Շարժումը Հայաստանում և Շարժումը Ղարաբաղում (օրինակ՝ Շարժման ձևավորման ընթացքը, բաղկացուցիչ մասերը, դրսևորման ձևերը, էկոլոգիական շարժում, սահմանադրական խմբեր և այլն)։

  2. Շարժման մասնակիցները/ակտորները (օրինակ, «Ղարաբաղ» կոմիտե, «փոքր» Ղարաբաղ կոմիտեներ, Ավագների խորհուրդ, «Կռունկ» կոմիտե, Տնօրենների խորհուրդ, երևացող ու չերևացող կերպարները)։

  3. Շարժման մշակութաբանությունը (օրինակ, Շարժումը ազգագրագետի տեսանկյունից, Շարժման վիզուալ մարդաբանությունը, ֆոլկլորը, Շարժումը և ցեղասպանության կոլեկտիվ հիշողությունը և այլն)։

  4. Շարժումը Երևանում/Ստեփանակերտում և շրջաններում։

  5. «… и вокруг него» (օրինակ, Կրեմլը/Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը, ադրբեջանական արձագանքները Շարժմանը)։

  6. Շարժումը ԽՍՀՄ տարածքում ընթացող այլ ժողովրդավարական շարժումների և Արևելաեվրոպական հեղափոխությունների համատեքստում։

  7. Շարժումը գրականության և արվեստի մեջ (գեղարվեստական գրականություն, մամուլ, հրապարակախոսություն, օրագրեր և հուշագրություններ, նամականի, պլակատային արվեստ, լուսանկարչություն, կինո և այլն)։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. ապրիլի 10-ը։ Մանրամասները` հետևյալ հղումով:


  • 0

Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով

Tags : 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը կազմակերպում է հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին։
Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում 2018 թ. հունիսի 28-30։
Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայկական ձեռագրական ժառանգությանը։
Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


  • 0

ՀՊՄ անդամները՝ «ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը» գրքի համահեղինակներ

Tags : 

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի պատմագետների միության անդամ, պ.գ.թ. Ռոման Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության Ժողովուրդների բարեկամության համալսարանում (РУДН) մասնակցեց «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ԱՊՀ տարածքում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի: Վերջինս այնտեղ հանդես եկավ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները. աշխարհատնտեսական վերլուծություն» թեմայով զեկուցումով: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան երեք տասնյակ փորձագետներ ԱՊՀ անդամ երկրներից:

Գիտաժողովի աշխատանքի ընթացքում կայացավ նաև «ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը» վերնագիրը կրող գրքի շնորհանդեսը, որը Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է որպես ուսումնական ձեռնարկ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: ՀՊՄ անդամ Ռոման Կարապետյանը նշված աշխատության` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բաժնի համահեղինակներից է: Աշխատության Հայաստանի հատվածի մյուս համահեղինակը ՀՊՄ անդամ պ.գ.թ., դոցենտ Վահագն Ագլյանն է, ով նաև ուսումնական ձեռնարկի խմբագրական խորհրդի անդամներից է: Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում խմբագրական խորհրդի և հեղինակների կողմից ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը և մոտ ապագայում սկսել համատեղ աշխատանքները գրքի երկրորդ հատորի, ինչպես նաև անգլերեն տարբերակի կազմման ուղղությամբ:


  • 0

Պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը դասախոսություններով հանդես կգա Հայ-ռուսական համալսարանում

Tags : 

Դեկտեմբերի 19-ին և 21-ին Հումանիտար գիտությունների ինստիտուտի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի կողմից Հայ-Ռուսական համալսարանում կանցկացվի Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պատմական սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի` «1905-1945 թթ. սովետական հեղափոխությունը. ի՞նչ էր դա» կարճաժամկետ դասընթացը:

Առաջին դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 12:50-ին, Հայ-ռուսական համալսարանի Մշակույթի տանը, իսկ երկրորդը` դեկտեմբերի 21-ին` ժամը 12:50-ին, ակադեմիկոս Ֆ. Թ. Սարգսյանի անվան կոնֆերանս դահլիճում: Մուտքն ազատ է:


  • 0

Մատենադարանում տեղի կունենա «Երիտասարդական 3-րդ գիտաժողովը»

Tags : 

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն կազմակերպել է «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը, որը տեղի կունենա Մաշտոցյան Մատենադարանում սույն թվականի նոյեմբերի 28-30-ին:

Ինչպես նախորդ գիտաժողովների, այնպես էլ ընթացիկի թեմատիկ ընդգրկումը բազմաբնույթ է և նվիրված է միջնադարյան հայ կյանքի, պատմության, բժշկագիտության, աստվածաբանության, լեզվի և գրականության բազմաշերտ հարցերի քննությանը: Գիտաժողովի մասնամասներն այստեղ:


  • 0

«Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագրով միջազգային գիտաժողով

Tags : 

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ կանցկացվի «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովը:

Այն տեղի կունենա 2018 թվականի մայիսի 4-ին: Գիտաժողովի ուղղությունները` պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա:

Հոդվածները տպագրվելու են գիտական ժողովածուում: Չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


  • 0

Մամուլի ասուլիս ՀՊՄ գործունեության մասին

Tags : 

Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն»(ՀՊՄ) հասարակական միության գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի՝ գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում»: Պատմագետները համատեղ գործունեության ընթացքում արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ:

ՀՊՄ գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հարթակ տրամադրելու համար, այնուհետև կարճ անդրադարձ կատարեց միության ստեղծման պատմությանը. «Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ միությունը ձևավորվել և գործունեություն է ծավալում պատմագիտության ոլորտում: Նշեմ, որ այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են ավելի քան հարյուր անդամ՝ Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ պամության և արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնկան) համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային արխիվի  պատմագետներ, որոնք ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում»: Հովհաննիսյանը նշեց, որ  միությունը 2017 թ.-ից սկսել է հայտեր ընդունել նաև Սփյուռքից: Կառույցի ստեղծումը  հետապնդում է  մի նպատակ. այն է երկխոսության դաշտ ձևավորել՝ քննարկման հնարավորություն  ընձեռելով ոլորտի բոլոր մասնագետներին: Հաջորդ ձեռքբերումն այն է, որ  ՀՊՄ-ն անդամակցեց Պատմագիտության միջազգային կոմիտեին, որին անդամակցում են ավելի քան 57 պետություն՝ սկսած Կանադայից, մինչև Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա:  Մ. Հովհաննիսյանը խոսեց նաև 2016 թվականից միության կողմից իրականացվող երիտասարդ պատմաբանների համար ամենամյա  ամառային դպրոցի մասին՝ նշելով, որ երիտասարդ մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում  լսել  տարբեր մասնակիցների, զարգացնել վերլուծական միտք  և այլն: Դպրոցի շրջանակներում հնարավորություն ընձեռնվեց   հեռակա կապի միջոցով  դասընթացին մասնակցել նաև  Վանաձորի  պետական համալսարանին և Արցախի պետական համալսարանին: Նրա խոսքով՝ կառույցի հիմնական խնդիրն է նպաստել պատմագիտության  ոլորտի համակարգմանը, զարգացմանը և աջակցել  ոլորտի ներկայացուցիչներին:

Բանախոսի փոխանցմամբ՝ կառույցին անդամակցությունը ինքնանպատակ չէ և հետագայում էլ չպետք է լինի: «Մտնելով այս կառույց՝ մենք պետք է միջազգային ամբիոնը օգտագործենք՝  մեր պատմագիտության խնդիրները վեր հանելու  և համաշխարհային պատմագիտության համատեքստում  դիտարկելու համար: ՀՊՄ-ն նախապատրաստվում է 2020 թ. Պոզնանում  կայանալիք ամեն հինգ տարին մեկ այս կառույցի միջազգային վեհաժողովին, որին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը»,- հավելեց Մ.Հովհաննիսյանը:

Խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի խոսքով՝ պատմագիտությունն այսօր նաև քաղաքական գիտություն է, իսկ Հայաստանն այս հարցում տարբեր մարտահրավերների առաջ է կանգնած: «Առաջինն այն է, որ մեր հարևանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմությունը, և այդ պատմական կեղծարարության դեմ պայքարի համար հայ պատմաբանները մեծ աշխատանք են տանում, և նման կառույցի ստեղծումն այդ առումով կարևոր դրական քայլ է»,-ասաց նա:  Վերջինս խոսեց նաև միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր երկրների պատմաբանների, գիտական հաստատությունների հետ  ավելի ծանրակշիռ  աշխատանքներ տանելու  շուրջ: «Մեր հետագա քայլերից է լինելու նաև այն, որ փորձենք այդ մարմնի միջազգային կառույցում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի կարողանանաք  բարձրաձայնել մեզ հուզող և հրատապ խնդիրներ: Միավորվելու և  համախմբված աշխատանք ենք տանելու, որն էլ կապահովի որակական նոր աստիճան, ինչի արդյունքում պատմագիտության ոլորտը  միանշանակ շահելու է»,- հավելել է Կ.Խաչատրյանը:

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ երկու հարթակներում էլ մեր պատմագիտությունը հաղթանակ գրանցեց: Առաջինն այն է, որ մեկ տարի առաջ միավորվեցին գրեթե բոլոր հայտնի և  պատմագիտության ոլորտում եղանակ ստեղծող անձինք, իսկ երկրորդը անդամակցությունն էր պատմագետների միջազգային կառույցին՝ նոր հարթակ փնտրելու և մի շարք կարևոր խնդիրներին լուծում տալու համար: Վերջինս հավելեց, թե պատմագիտությունը, լինելով քաղաքագիտական գիտություն, իր զարգացման յուրաքանչյուր փուլում տարբեր խնդիրերի առջև է կանգնում: Բանախոսը  նաև  3 կետով առանձնացրեց հիմնական և կարևոր խնդիրներ:

«Նախ, պետք է հայոց պատմությունը՝ սկսած հազարամյակների խորքից մինչև մեր օրեր, ներկայացնել համաշխարհային պատմության մի մասնիկ՝ համահունչ համաշխարհային գործընթացներին: Երկրորդը՝ ներկայացնել պատմություն, զերծ տարբեր քաղաքական հոսանքների ու ուղղությունների ազդեցությունից, լինել օբյեկտիվ, որովհետև հաճախ պատմությունը քաղաքականացվում է, կրում է ժամանակի, իշխող ուժերի և տարբեր հոսանքների ազդեցություն, և պատմական օբյեկտիվությունը շատ դեպքերում դառնում է երկրորդական: Եվ երրորդը՝ պատմական կեղծարարության դեմ պայքարն է։ Երբ մեր հարևանների կողմից տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական գրականություն, իսկ սուտը երկու-երեք անգամ գրելուց հետո դառնում է հղման աղբյուր որոշակի շրջանակների կողմից, ովքեր լավ չեն տիրապետում տարածաշրջանի պատմությանը: Միությունը նախատեսում է առաջիկայում տպագրել անգլերենով գիտական հանդես, որտեղ կներկայացվեն պատմական մտքի նորանոր ձեռքբերումներ, և որոնք կդառնան օտար միջավայրում հղման աղբյուր »,- նշեց Է. Հովհաննիսյանը:

Երեք բանախոսներն էլ միաձայն  արձանագրեցին, որ ոլորտում անելիքները շատ են,  և միասնական աշխատանքի, պատասխանների շնորհիվ  կարելի են լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին, և անկախությունից ի վեր  սա առաջին փորձն է, որտեղ պատմագետները պրոֆեսիոնալ սկզբունքներով միավորվում են մեկ հասարակական խմբի մեջ:

Ասուլիսի վերջում Մհեր Հովհաննիսյանը  կոնկրետ օրինակներով նշեց այն քայլերը, որոնք նախատեսվում են առաջիկայում: Նախ՝ ընձեռել օտարալեզու ձևաչափով ստեղծագործելու հնարավորություն, այս շրջանակներում  ստեղծվել հայոց պատմագիտության  հանդես, որը լույս կտեսնի 2018 թվականի առաջին եռամսյակում, կլինի  բացառապես անգլերեն լեզվով և միջացգային ստանդարտներին համապատասխան: 2018 թ.  նախատեսվում է միության անդամների  համար  անգլերենի անվճար դասավանդման կուրսեր:


  • 0

Հայաստանի պատմագետների միությունը՝ Պատմագիտության միջազգային կոմիտեի լիիրավ անդամ

Tags : 

Սույն թվականի սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացել է Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմագետների միության (ՀՊՄ) պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել կառույցի գործադիր տնօրեն, պ.գ.թ Մհեր Հովհաննիսյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդի անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության  և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:

Ըստ Մհեր Հովհաննիսյանի՝ ՀՊՄ-ն 2016 թ-ից սկսել է բանակցել կառուցի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացած Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովի շրջանակներում, որտեղ կազմակերպչական տարբեր հարցերի քննարկման համար հավաքվել էին կառույցի ներկայացուցչական կազմը, ղեկավարական կազմը, ի թիվս մի շարք երկրների՝ մասնավորապես Կոլումբիայի, Պարագվայի և Ուրուգվայի, քվերակության է դրվել նաև Հայաստանի պատմագետների միության անդամակցության հայտը:

Վեհաժողովի շրջանակներում ներկայացվել են ՀՊՄ-ի անդամկցության հետ կապված նախապատմությունը, կառույցի մասին տվյալներ: Պատվիրակության անդամ Էդգար Հովհաննիսյանը խոսել է ՀՊՄ-ի տեսլականի, հայոց պատմության խնդիրները համաշխարհային պատմության համատեքստում ներկայացնելու շուրջ:

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել բաց քվեարկություն, որտեղ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն ընտրվել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Քննարկվել են նաև 2020 թ-ին կայանալիք Պատմագիտության միջազգային կոմիտեի 23-րդ վեհաժողովին նվիրված խնդիրներ, որի շրջանակներում ՀՊՄ-ն՝ իբրև լիարժեք անդամ, արդեն ներկայացրել է չորս հայտ, որոնցից հաստատվել է «Մերձավոր Արևելքը քաղաքակրթությունների խաչմերուկում» թեմատիկ ուղղությունը: Հայաստանի պատմագետների միությունն այդ ուղղությամբ կուղորդի ապագայում ներկայացվելիք զեկուցումները:

ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը կառույցին անդամակցելը կարևորում է, նախ և առաջ, այն պատճառով, որ կառույցը, որի կազմում արդեն 5 տասնյակից ավել պատմաբանների ազգային միություններ կան, հնարավորություն է ընձեռում նախ ծանոթանալ համաշխարհային պատմագիտության արդի զարգացումներին, գործընթացներին, տեղյակ լինել ոչ միայն վերջին նորություններին, այլ նաև մասնակից լինել այդ գործընթացներին՝ սկսած գիտաժողովներից, կլոր սեղաններից, գիտական  այլ հավաքներից, ավարտած մասնագիտական հրապարակումներով, դիսկուրսների այլ ձևաչափերով: «Նման մասնակցությունը միմիայն կարող է հարստացնել և ավելի զարգացնել հայ պատմագիտական միտքը, նամանավանդ, որ մենք խստագույնս կարիք ունեինք ապահովել Հայաստանի և Սփյուռքի հայ պատմաբանների կապը համաշխարհային պատմագիտության այդ ամբիոնի հետ: Կառույցին անդամակցելը հնարավորություն է ընձեռում նաև օգտվել մասնագիտական դաշտով ֆինանսավորվող հնարավոր ծրագրերից»,- հավելել է Մ. Հովհաննիսյանը:


  • 0

Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300. միջազգային գիտաժողով

Tags : 

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 24-25-ին տեղի կունենա միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են ներքոհիշյալ մասնագիտական բաժանմունքներում.

  • Պատմություն

  • Բանասիրություն

  • Մշակույթ և արվեստ

  • Բնագիտական ժառանգություն

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հոկտեմբեր 8-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ) ուղարկել patminst@gmail.com հասցեին:

Հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և գիտական նստաշրջանին հայտատուի մասնակցությունը հաստատվելու է միայն դրական արդյունքի պարագայում:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե կհատկացվի հարց ու պատասխանի համար:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

 


 

Փետրվարի 2018
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Հնվ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728