Tag Archives: ՀՊՄ

  • 0

ՀՊՄ անդամները՝ «ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը» գրքի համահեղինակներ

Tags : 

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի պատմագետների միության անդամ, պ.գ.թ. Ռոման Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության Ժողովուրդների բարեկամության համալսարանում (РУДН) մասնակցեց «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ԱՊՀ տարածքում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի: Վերջինս այնտեղ հանդես եկավ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները. աշխարհատնտեսական վերլուծություն» թեմայով զեկուցումով: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան երեք տասնյակ փորձագետներ ԱՊՀ անդամ երկրներից:

Գիտաժողովի աշխատանքի ընթացքում կայացավ նաև «ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը» վերնագիրը կրող գրքի շնորհանդեսը, որը Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է որպես ուսումնական ձեռնարկ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: ՀՊՄ անդամ Ռոման Կարապետյանը նշված աշխատության` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բաժնի համահեղինակներից է: Աշխատության Հայաստանի հատվածի մյուս համահեղինակը ՀՊՄ անդամ պ.գ.թ., դոցենտ Վահագն Ագլյանն է, ով նաև ուսումնական ձեռնարկի խմբագրական խորհրդի անդամներից է: Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում խմբագրական խորհրդի և հեղինակների կողմից ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը և մոտ ապագայում սկսել համատեղ աշխատանքները գրքի երկրորդ հատորի, ինչպես նաև անգլերեն տարբերակի կազմման ուղղությամբ:


  • 0

ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից ընդունված հայտարարություն

Tags : 

2018 թ. համայն հայությունը նշելու է 1918 թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի առաջին հանրապետության, նորագույն ժամանակաշրջանում Հայոց պետականության 100-ամյա տարեդարձը: Անցած մեկ դարը հայ ժողովրդի կյանքում լի էր բուռն ու դրամատիկ իրադարձություններով, հերոսական ու ողբերգական էջերով ու դեպքերով. պատմական այս ժամանակաշրջանում էլ կերտվեցին Հայաստանի առաջին, երկրորդ (խորհրդային) և երրորդ հանրապետությունները: Կարևորագույն այս ժամանակաշրջանի պատմության պատշաճ ուսումնասիրման, շարադրման և մեկնաբանման, իմաստավորման ու արժևորման գործին իրենց ուժերի ու հնարավորությունների ներածին չափով նվիրվել են հայ պատմագետների սերունդներ: Հայ պատմագետները այսօր էլ հետամուտ են պատմագիտության առջև դրված բազմաթիվ խնդիրների լուծմանը, ինչպես նաև արտաքին մարտահրավերների դիմագրավմանը: Մեր հակառակորդները տարբեր եղանակներով, նաև պատվերով փորձում են անել հնարավոր ամեն ինչ՝ կեղծելու, նենգափոխելու և յուրացնելու մեր ժողովրդի պատմությունը, սևացնելու և վարկաբեկելու նրա արժանավոր, ճանաչված ներկայացուցիչներին, հայ ազգային-ազատագրական պայքարի, ռազմական, պետական, քաղաքական գործիչներին:

Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ վերջին տարիներին արձանագրվում են ոչ պատմագետ մասնագետների կողմից մեր պատմության որոշ պատմափուլերի, առանցքային իրադարձությունների, հայազգի պատմական անհատների կյանքի ու գործունեության միակողմանի, խեղաթյուրված և միտումնավոր մեկնաբա­նություններ, «Հայաստանի պատմագետների միությունը» (ՀՊՄ) կոչ է անում պատմագիտության բնագավառում հիմնավոր կրթություն, փորձառություն կամ ճանաչում չունեցող անձանց այսուհետ զերծ մնալու տարբեր ամբիոններից և զանգվածային լրատվամիջոցներից սիրողական մակարդակի, ոչ մասնագիտական դիտարկումներով ու հայտարարություններով հասարակությանն ապակողմ­նորոշելուց, ինչն ակամայից նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին: Ակնհայտ է, որ նման անձինք ոչ միայն ծանոթ չեն մասնագիտացված պատմագիտական հաստատությունների կողմից վերջին տարիներին հրատարակված բազմաթիվ աշխատություններին և պատմագիտական նյութերին, պատմագետների արժեքավոր ուսումնասիրություններին, այլև չեն ընդունում, կասկածի տակ են դնում խնդրո առարկա պատմական այս կամ այն հարցի շուրջ նրանց մասնագիտական ու արհեստավարժ մոտեցումները: Ոչ պատմագետ մասնագետների օրեցօր աճող խմբերը նախահարձակ են լինում բազմաթիվ մասնագիտական խնդիրներում՝  փորձելով «սրբագրել» մեր պատմության էջերը: Նման գործելակերպը կարող է հանգեցնել անկանխատեսելի բացասական հետևանքների, պառակտել հասարակությունը, մատաղ սերնդի մոտ առաջ բերել անվստահություն դեպի սեփական պատմությունը…

Միաժամանակ, ՀՊՄ-ն պարտավորվում է այսուհետ առավել հետևողական լինել հասարակությանը հուզող պատմական անցքերի և դեմքերի անկողմնակալ, բացառապես պատմական փաստերի և ուսումնասիրությունների վրա հիմնված պարզաբանումներ տալու խնդրում, անհրաժեշտության դեպքում հանդես գալ հատուկ հայտարարություններով:

Ընդունված է ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից


  • 0

Հայաստանի պատմագետների միության անդամների առաջին համագումարը

Tags : 

Ս. թ. նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը, որին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄ նախագահ Արամ Սիմոնյանը:

Սիմոնյանն անդրանիկ համագումարը հայտարարեց բացված, ողջունեց Հայաստանի պատմագետների միության 120 անդամներից համագումարին մասնակցած 88 անդամներին, և ներկայացրեց համագումարի օրակարգը՝ առաջարկելով մասնակիցներին լինել ավելի գործնական: «Հարգելի՛ գործընկերներ, մեր ուսերին դրվում է ահռելի նշանակության մեծ գործ: Ժամանակակից աշխարհում  պատմագետների խոսքը պետք  է զերծ լինի սպեկուլացիայից և դառնա ազդեցիկ: Սա լավ հնարավորություն է համախմբել ոլորտի բոլոր մասնագետներին և, բացի տեսական խնդիրներ քննարկելուց, դիտարկել ամենատարբեր տեսակի հարցեր՝ իրենց հետագա պրակտիկ գործունեության հետ կապված: Այսօր՝ ավելի քան երբևէ,  պատմագետի, քաղաքագետի, հասարակագետի խոսքը պետք է մեր հասարակությանը: Մենք այս հասարակության առողջացման մասը պետք է կազմենք»,- նշեց Ա. Սիմոնյան՝ առաջարկելով ծանոթանալ համագումարի օրագարգին:

Զեկույցով հանդես եկավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով միության պաշտոնական կայքը, նախատեսվող միջոցառումները, նախագծերը, 2016-2017 թթ. գործունեության ընթացիկ վիճակը, և իրականացրած այլ ծրագրեր:

Հովհաննիսյանը ներկայացրեց 2017 թ. անցկացված ամենամյա «Պատմագետների դպրոց»-ը, որին մասնակցել է 40 պատմաբան՝ հանրապետության տարբեր բարձրագույն հաստատություններից: Դպրոցի շրջանակներում հնարավորություն ընձեռնվեց օնլայն կապ հաստատել նաև գործընկեր համալսարանների, մասնավորապես՝ Վանաձորի և Արցախի պետական համալսարանների հետ:

Մհեր Հովհաննիսյանը խոսեց նաև «Armenian Historical Journal» անգլերեն տարեգրքի մասին: «Նշեմ, որ բոլոր անդամները ստացել են այն բոլոր տեխնիկական  չափորոշիչները, որոնք մշակվել են բացառապես «Chicago style» ամերիկյան ամսագրի չափանիշներին համապատասխան: Հանդեսը լինելու է բացառապես անգլերեն լեզվով և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակով: ԵՊՀ-ն անհրաժեշտության դեպքում իր վրա կվերցնի հոդվածների որակյալ անգլերենի թարգմանության հարցը»,- նշեց Հովհաննիսյանը:

Ներկայացնելով «Հայոց պատմության պարբերացման հիմնախնդիրները» գիտաժողովը՝ Մհեր Հովհաննիսյանը շեշտեց, որ գիտաժողովին զեկուցված նյութերը լույս են տեսնելու «Հայագիտության հարցեր» հանդեսի 2017 թ. երրորդ համարում, որը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:

Անդրադարձ կատարվեց նաև միջազգային համագործակցությանը: Հովհաննիսյանը  առանձնացրեց հատկապես երկու կարևոր գործ.  առաջինն այն է, որ ս. թ. սեպտեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում բաց քվեարկությամբ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն ընտրվեց Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ, երկրորդը՝ Լեհաստանի Պոզնան քաղաքում 2020 թ.-ին կայանալիք Պատմագիտության միջազգային կոմիտեի 23-րդ վեհաժողովին ՀՊՄ-ի մասնակցության թույլտվությունն է: «Մենք՝ որպես լիարժեք անդամ, արդեն ներկայացրել ենք չորս հայտ, որոնցից հաստատվել է «Մերձավոր Արևելքը քաղաքակրթությունների խաչմերուկում» թեմատիկ ուղղությունը և Հայաստանի պատմագետների միությունն այդ ուղղությամբ կուղորդի ապագայում ներկայացվելիք զեկուցումները», — նշեց Հովհաննիսյանը:

Հաջորդ կարևոր ծրագիրն այն է, որ ՀՊՄ-ն 2018 թվականից սկսում է իրականացնել ՀՊՄ անդամ հանդիսացող պատմագետների համար անգլերենի մեկամյա առկա անվճար դասընթաց: Նշենք, որ դասընթացին մասնակցելու հայտերի ընդունումն ավարտվում է 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ին:

Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ Հայաստանի պատմագետների միությունը երիտասարդ պատմագետներին խրախուսելու նպատակով հայտարարում է «Երիտասարդ պատմագետի լավագույն ուսումնասիրություն» մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ հայ պատմագետններ՝ պատմագետի բարձրագույն կրթությամբ (բակալավր, մագիստրոս կամ ասպիրանտ): Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մենագրությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ, իսկ նրանց աշխատանքները կտպագրվեն ՀՊՄ կողմից: Մրցույթի մասնակիցները հայտերը կարող են լրացնել մինչև ս. թ. դեկտեմբերի 31-ը:

Մհեր Հովհաննիսյանը նաև ելույթի վերջում քննարկեց անդամակցության ընթացիկ վիճակը, առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց անդամավճարների, բյուջեի  ընթացիք վիճակը:

Զեկույցով հանդես եկավ նաև ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ով խոսեց 2020 թ. Պոզնանում ՊԳՄԿ-ի 23-րդ կոնգրեսին մասնակցելու հարցի շուրջ: «Համաշխարհային մակարդակով մենք դուրս ենք մնացել միջազգային հարթակներում պատմագիտական խնդիրների քննարկման հնարավորություն  ստանալուց, և 2020 թ. Պոզնանում կայանալիք ՊԳՄԿ-ի 23-րդ կոնգրեսին մասնակցությունը լավ հնարավորույթյուն է մեզ համար: Ինձ համար ուրախալի է նաև այն հանգամանքը,  որ ՀՊՄ-ն բոլորիս համախմբել է մեկ հարթակում և բոլորիս մոտ գերակշռում է հետևյալ մոտեցումը. մենք ընդհանուր գործ ունենք անելու: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս ընկալենք մեր խնդիրները մեկ միասնական և հավաքական ծրագրի մեջ: Ինձ համար ցավալի է նաև, որ մենք այսօր տարածաշրջանում պատմության կեղծարարության դեմ պայքարելու խնդիր ունենք», — նշեց Մելքոնյանը:

Զեկուցող՝ ՀՊՄ խորհրդի անդամ Կարեն Խաչատրյանը ներկայացրեց ՀՊՄ հայտարարությունը: «Ցանկանում եմ խորհրդի անունից շնորհավորել  բոլոր նոր անդամներին, ովքեր համալրել են  մեր շարքերը: Կցանականայի ևս մեկ խնդրի մասին խոսել, որը առնչվում է հենց այն հայտարարության տեքստին՝ ընդունվելած ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից: Դա հայոց պատմության բաղադրիչին տեղ հատկացնելն է: Մենք մեր հայտարարությամբ կոչ ենք անում հայոց պատմությանը կարևոր տեղ հատկացնել տարբեր ծրագրերում, հետամուտ լինել պատմագիտության առջև դրված բազմաթիվ խնդիրների լուծմանը և արտաքին մարտահրավերիների դիմագրվմանը: Պատմագիտության զարգացումն այսօր կախված է բոլորիցս, դրա համար պետք է լինել ակտիվ», — նշեց Կ. Խաչատրյանը:

Համագումարին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՊՄ խորհրդի  անդամ Երվանդ Մարգարյանը, ով ներկայացրեց աշխարհի պատմագիտական դպրոցների արդի փուլի ընդհանրական վիճակը:

Համագումարն ամփոփվեց  ընթացիկ հարցերի  քննարկմամբ:

 

 


  • 0

Անգլերենի դասընթաց ՀՊՄ անդամների համար

Tags : 

«Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը 2018 թվականից սկսում է իրականացնել ՀՊՄ անդամ հանդիսացող պատմագետների համար անգլերենի միամյա դասընթաց, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաթերթիկը:
Հայտերի ընդունումն ավարտվում է 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ին:


  • 0

«Երիտասարդ պատմագետի լավագույն ուսումնասիրություն» մրցույթ

Tags : 

«Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Երիտասարդ պատմագետի լավագույն ուսումնասիրություն» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ հայ պատմագետններ՝ պատմագետի բարձրագույն կրթությամբ (բակալավր կամ մագիստրոս կամ ասպիրանտ): Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մենագրությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ և մենագրությունները կտպագրվեն ՀՊՄ-ի կողմից: Մրցույթի մասնակիցները հայտերը կարող են լրացնել մինչև ս. թ. դեկտեմբերի 31-ը: ՀՊՄ մրցութային հանձնախմբի կողմից հայտերի դիտարկումից հետո մրցույթի առաջին փուլով անցած հայտատուները պետք է մինչև 2018 թ.-ի օգոստոսի 31-ը մրցույթի ներկայացրած իրենց մենագրության ամբողջական էլեկտրոնային տարբերակը ուղարկեն elposthaa@gmail.com էլ. հասցեով, իսկ տպագիր տարբերակը ներկայացնեն ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (Երևան, Ալեք մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ) :


  • 0

Մամուլի ասուլիս ՀՊՄ գործունեության մասին

Tags : 

Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն»(ՀՊՄ) հասարակական միության գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի՝ գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում»: Պատմագետները համատեղ գործունեության ընթացքում արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ:

ՀՊՄ գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հարթակ տրամադրելու համար, այնուհետև կարճ անդրադարձ կատարեց միության ստեղծման պատմությանը. «Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ միությունը ձևավորվել և գործունեություն է ծավալում պատմագիտության ոլորտում: Նշեմ, որ այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են ավելի քան հարյուր անդամ՝ Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ պամության և արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնկան) համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային արխիվի  պատմագետներ, որոնք ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում»: Հովհաննիսյանը նշեց, որ  միությունը 2017 թ.-ից սկսել է հայտեր ընդունել նաև Սփյուռքից: Կառույցի ստեղծումը  հետապնդում է  մի նպատակ. այն է երկխոսության դաշտ ձևավորել՝ քննարկման հնարավորություն  ընձեռելով ոլորտի բոլոր մասնագետներին: Հաջորդ ձեռքբերումն այն է, որ  ՀՊՄ-ն անդամակցեց Պատմագիտության միջազգային կոմիտեին, որին անդամակցում են ավելի քան 57 պետություն՝ սկսած Կանադայից, մինչև Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա:  Մ. Հովհաննիսյանը խոսեց նաև 2016 թվականից միության կողմից իրականացվող երիտասարդ պատմաբանների համար ամենամյա  ամառային դպրոցի մասին՝ նշելով, որ երիտասարդ մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում  լսել  տարբեր մասնակիցների, զարգացնել վերլուծական միտք  և այլն: Դպրոցի շրջանակներում հնարավորություն ընձեռնվեց   հեռակա կապի միջոցով  դասընթացին մասնակցել նաև  Վանաձորի  պետական համալսարանին և Արցախի պետական համալսարանին: Նրա խոսքով՝ կառույցի հիմնական խնդիրն է նպաստել պատմագիտության  ոլորտի համակարգմանը, զարգացմանը և աջակցել  ոլորտի ներկայացուցիչներին:

Բանախոսի փոխանցմամբ՝ կառույցին անդամակցությունը ինքնանպատակ չէ և հետագայում էլ չպետք է լինի: «Մտնելով այս կառույց՝ մենք պետք է միջազգային ամբիոնը օգտագործենք՝  մեր պատմագիտության խնդիրները վեր հանելու  և համաշխարհային պատմագիտության համատեքստում  դիտարկելու համար: ՀՊՄ-ն նախապատրաստվում է 2020 թ. Պոզնանում  կայանալիք ամեն հինգ տարին մեկ այս կառույցի միջազգային վեհաժողովին, որին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը»,- հավելեց Մ.Հովհաննիսյանը:

Խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի խոսքով՝ պատմագիտությունն այսօր նաև քաղաքական գիտություն է, իսկ Հայաստանն այս հարցում տարբեր մարտահրավերների առաջ է կանգնած: «Առաջինն այն է, որ մեր հարևանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմությունը, և այդ պատմական կեղծարարության դեմ պայքարի համար հայ պատմաբանները մեծ աշխատանք են տանում, և նման կառույցի ստեղծումն այդ առումով կարևոր դրական քայլ է»,-ասաց նա:  Վերջինս խոսեց նաև միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր երկրների պատմաբանների, գիտական հաստատությունների հետ  ավելի ծանրակշիռ  աշխատանքներ տանելու  շուրջ: «Մեր հետագա քայլերից է լինելու նաև այն, որ փորձենք այդ մարմնի միջազգային կառույցում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի կարողանանաք  բարձրաձայնել մեզ հուզող և հրատապ խնդիրներ: Միավորվելու և  համախմբված աշխատանք ենք տանելու, որն էլ կապահովի որակական նոր աստիճան, ինչի արդյունքում պատմագիտության ոլորտը  միանշանակ շահելու է»,- հավելել է Կ.Խաչատրյանը:

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ երկու հարթակներում էլ մեր պատմագիտությունը հաղթանակ գրանցեց: Առաջինն այն է, որ մեկ տարի առաջ միավորվեցին գրեթե բոլոր հայտնի և  պատմագիտության ոլորտում եղանակ ստեղծող անձինք, իսկ երկրորդը անդամակցությունն էր պատմագետների միջազգային կառույցին՝ նոր հարթակ փնտրելու և մի շարք կարևոր խնդիրներին լուծում տալու համար: Վերջինս հավելեց, թե պատմագիտությունը, լինելով քաղաքագիտական գիտություն, իր զարգացման յուրաքանչյուր փուլում տարբեր խնդիրերի առջև է կանգնում: Բանախոսը  նաև  3 կետով առանձնացրեց հիմնական և կարևոր խնդիրներ:

«Նախ, պետք է հայոց պատմությունը՝ սկսած հազարամյակների խորքից մինչև մեր օրեր, ներկայացնել համաշխարհային պատմության մի մասնիկ՝ համահունչ համաշխարհային գործընթացներին: Երկրորդը՝ ներկայացնել պատմություն, զերծ տարբեր քաղաքական հոսանքների ու ուղղությունների ազդեցությունից, լինել օբյեկտիվ, որովհետև հաճախ պատմությունը քաղաքականացվում է, կրում է ժամանակի, իշխող ուժերի և տարբեր հոսանքների ազդեցություն, և պատմական օբյեկտիվությունը շատ դեպքերում դառնում է երկրորդական: Եվ երրորդը՝ պատմական կեղծարարության դեմ պայքարն է։ Երբ մեր հարևանների կողմից տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական գրականություն, իսկ սուտը երկու-երեք անգամ գրելուց հետո դառնում է հղման աղբյուր որոշակի շրջանակների կողմից, ովքեր լավ չեն տիրապետում տարածաշրջանի պատմությանը: Միությունը նախատեսում է առաջիկայում տպագրել անգլերենով գիտական հանդես, որտեղ կներկայացվեն պատմական մտքի նորանոր ձեռքբերումներ, և որոնք կդառնան օտար միջավայրում հղման աղբյուր »,- նշեց Է. Հովհաննիսյանը:

Երեք բանախոսներն էլ միաձայն  արձանագրեցին, որ ոլորտում անելիքները շատ են,  և միասնական աշխատանքի, պատասխանների շնորհիվ  կարելի են լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին, և անկախությունից ի վեր  սա առաջին փորձն է, որտեղ պատմագետները պրոֆեսիոնալ սկզբունքներով միավորվում են մեկ հասարակական խմբի մեջ:

Ասուլիսի վերջում Մհեր Հովհաննիսյանը  կոնկրետ օրինակներով նշեց այն քայլերը, որոնք նախատեսվում են առաջիկայում: Նախ՝ ընձեռել օտարալեզու ձևաչափով ստեղծագործելու հնարավորություն, այս շրջանակներում  ստեղծվել հայոց պատմագիտության  հանդես, որը լույս կտեսնի 2018 թվականի առաջին եռամսյակում, կլինի  բացառապես անգլերեն լեզվով և միջացգային ստանդարտներին համապատասխան: 2018 թ.  նախատեսվում է միության անդամների  համար  անգլերենի անվճար դասավանդման կուրսեր:


  • 0

Հայաստանի պատմագետների միությունը՝ Պատմագիտության միջազգային կոմիտեի լիիրավ անդամ

Tags : 

Սույն թվականի սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացել է Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմագետների միության (ՀՊՄ) պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել կառույցի գործադիր տնօրեն, պ.գ.թ Մհեր Հովհաննիսյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդի անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության  և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:

Ըստ Մհեր Հովհաննիսյանի՝ ՀՊՄ-ն 2016 թ-ից սկսել է բանակցել կառուցի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացած Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովի շրջանակներում, որտեղ կազմակերպչական տարբեր հարցերի քննարկման համար հավաքվել էին կառույցի ներկայացուցչական կազմը, ղեկավարական կազմը, ի թիվս մի շարք երկրների՝ մասնավորապես Կոլումբիայի, Պարագվայի և Ուրուգվայի, քվերակության է դրվել նաև Հայաստանի պատմագետների միության անդամակցության հայտը:

Վեհաժողովի շրջանակներում ներկայացվել են ՀՊՄ-ի անդամկցության հետ կապված նախապատմությունը, կառույցի մասին տվյալներ: Պատվիրակության անդամ Էդգար Հովհաննիսյանը խոսել է ՀՊՄ-ի տեսլականի, հայոց պատմության խնդիրները համաշխարհային պատմության համատեքստում ներկայացնելու շուրջ:

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել բաց քվեարկություն, որտեղ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն ընտրվել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Քննարկվել են նաև 2020 թ-ին կայանալիք Պատմագիտության միջազգային կոմիտեի 23-րդ վեհաժողովին նվիրված խնդիրներ, որի շրջանակներում ՀՊՄ-ն՝ իբրև լիարժեք անդամ, արդեն ներկայացրել է չորս հայտ, որոնցից հաստատվել է «Մերձավոր Արևելքը քաղաքակրթությունների խաչմերուկում» թեմատիկ ուղղությունը: Հայաստանի պատմագետների միությունն այդ ուղղությամբ կուղորդի ապագայում ներկայացվելիք զեկուցումները:

ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը կառույցին անդամակցելը կարևորում է, նախ և առաջ, այն պատճառով, որ կառույցը, որի կազմում արդեն 5 տասնյակից ավել պատմաբանների ազգային միություններ կան, հնարավորություն է ընձեռում նախ ծանոթանալ համաշխարհային պատմագիտության արդի զարգացումներին, գործընթացներին, տեղյակ լինել ոչ միայն վերջին նորություններին, այլ նաև մասնակից լինել այդ գործընթացներին՝ սկսած գիտաժողովներից, կլոր սեղաններից, գիտական  այլ հավաքներից, ավարտած մասնագիտական հրապարակումներով, դիսկուրսների այլ ձևաչափերով: «Նման մասնակցությունը միմիայն կարող է հարստացնել և ավելի զարգացնել հայ պատմագիտական միտքը, նամանավանդ, որ մենք խստագույնս կարիք ունեինք ապահովել Հայաստանի և Սփյուռքի հայ պատմաբանների կապը համաշխարհային պատմագիտության այդ ամբիոնի հետ: Կառույցին անդամակցելը հնարավորություն է ընձեռում նաև օգտվել մասնագիտական դաշտով ֆինանսավորվող հնարավոր ծրագրերից»,- հավելել է Մ. Հովհաննիսյանը:


  • 0

«Զորաց քարեր» հուշարձանի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքներ

Tags : 

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին «Sputnik» Արմենիա մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ասուլիս: Դրա շրջանակներում ամփոփվել են «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները:

Ասուլիսի բանախոսներն են եղել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, արշավախմբի ղեկավար, ՀՊՄ անդամ Աշոտ Փիլիպոսյանը։

Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:


  • 0

Հնագետներն այս տարի պեղումներ կիրականացնեն 33 տարբեր հնավայրերում

Tags : 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության անդամ Պավել Ավետիսյանը վերջին տարիների հնագիտական ձեռքբերումների, արժեքավոր գտածոների, առաջին անգամ պեղվող հուշարձանների, օտարերկրյա համագործակցությունների մասին զրուցել է «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ: Վերոնշյալ հարցերի շուրջ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:


  • 0

Գորիսում հայտնաբերվել է բացառիկ վիշապ քարակոթող

Tags : 

Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության անդամ Պավել Ավետիսյանը հայտնել է, որ հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում մինչ այժմ հայտնաբերված վիշապ քարակոթողները քանդակազարդ են եղել:

«Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով:

Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, և դրանից դուրս գոյություն չունեն»,-ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսևորումներ են:


 

Փետրվարի 2018
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Հնվ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728