ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից ընդունված հայտարարություն

  • 0

ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից ընդունված հայտարարություն

Tags : 

2018 թ. համայն հայությունը նշելու է 1918 թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի առաջին հանրապետության, նորագույն ժամանակաշրջանում Հայոց պետականության 100-ամյա տարեդարձը: Անցած մեկ դարը հայ ժողովրդի կյանքում լի էր բուռն ու դրամատիկ իրադարձություններով, հերոսական ու ողբերգական էջերով ու դեպքերով. պատմական այս ժամանակաշրջանում էլ կերտվեցին Հայաստանի առաջին, երկրորդ (խորհրդային) և երրորդ հանրապետությունները: Կարևորագույն այս ժամանակաշրջանի պատմության պատշաճ ուսումնասիրման, շարադրման և մեկնաբանման, իմաստավորման ու արժևորման գործին իրենց ուժերի ու հնարավորությունների ներածին չափով նվիրվել են հայ պատմագետների սերունդներ: Հայ պատմագետները այսօր էլ հետամուտ են պատմագիտության առջև դրված բազմաթիվ խնդիրների լուծմանը, ինչպես նաև արտաքին մարտահրավերների դիմագրավմանը: Մեր հակառակորդները տարբեր եղանակներով, նաև պատվերով փորձում են անել հնարավոր ամեն ինչ՝ կեղծելու, նենգափոխելու և յուրացնելու մեր ժողովրդի պատմությունը, սևացնելու և վարկաբեկելու նրա արժանավոր, ճանաչված ներկայացուցիչներին, հայ ազգային-ազատագրական պայքարի, ռազմական, պետական, քաղաքական գործիչներին:

Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ վերջին տարիներին արձանագրվում են ոչ պատմագետ մասնագետների կողմից մեր պատմության որոշ պատմափուլերի, առանցքային իրադարձությունների, հայազգի պատմական անհատների կյանքի ու գործունեության միակողմանի, խեղաթյուրված և միտումնավոր մեկնաբա­նություններ, «Հայաստանի պատմագետների միությունը» (ՀՊՄ) կոչ է անում պատմագիտության բնագավառում հիմնավոր կրթություն, փորձառություն կամ ճանաչում չունեցող անձանց այսուհետ զերծ մնալու տարբեր ամբիոններից և զանգվածային լրատվամիջոցներից սիրողական մակարդակի, ոչ մասնագիտական դիտարկումներով ու հայտարարություններով հասարակությանն ապակողմ­նորոշելուց, ինչն ակամայից նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին: Ակնհայտ է, որ նման անձինք ոչ միայն ծանոթ չեն մասնագիտացված պատմագիտական հաստատությունների կողմից վերջին տարիներին հրատարակված բազմաթիվ աշխատություններին և պատմագիտական նյութերին, պատմագետների արժեքավոր ուսումնասիրություններին, այլև չեն ընդունում, կասկածի տակ են դնում խնդրո առարկա պատմական այս կամ այն հարցի շուրջ նրանց մասնագիտական ու արհեստավարժ մոտեցումները: Ոչ պատմագետ մասնագետների օրեցօր աճող խմբերը նախահարձակ են լինում բազմաթիվ մասնագիտական խնդիրներում՝  փորձելով «սրբագրել» մեր պատմության էջերը: Նման գործելակերպը կարող է հանգեցնել անկանխատեսելի բացասական հետևանքների, պառակտել հասարակությունը, մատաղ սերնդի մոտ առաջ բերել անվստահություն դեպի սեփական պատմությունը…

Միաժամանակ, ՀՊՄ-ն պարտավորվում է այսուհետ առավել հետևողական լինել հասարակությանը հուզող պատմական անցքերի և դեմքերի անկողմնակալ, բացառապես պատմական փաստերի և ուսումնասիրությունների վրա հիմնված պարզաբանումներ տալու խնդրում, անհրաժեշտության դեպքում հանդես գալ հատուկ հայտարարություններով:

Ընդունված է ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից

Comments

comments


Leave a Reply

 

Նոյեմբերի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Հկտ   Դկտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930