Հայաստանի պատմագետների միության անդամների առաջին համագումարը

  • 0

Հայաստանի պատմագետների միության անդամների առաջին համագումարը

Tags : 

Ս. թ. նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը, որին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄ նախագահ Արամ Սիմոնյանը:

Սիմոնյանը անդրանիկ համագումարը հայտարարեց բացված, ողջունեց Հայաստանի պատմագետների միության բոլոր 119 անդամներին, և ներկայացրեց համագումարի օրակարգը՝ առաջարկելով մասնակիցներին լինել ավելի գործնական: «Հարգելի՛ գործընկերներ, մեր ուսերին դրվում է ահռելի նշանակության մեծ գործ: Ժամանակակից աշխարհում  պատմագետների խոսքը պետք  է զերծ լինի սպեկուլացիայից և դառնա ազդեցիկ: Սա լավ հնարավորություն է համախմբել ոլորտի բոլոր մասնագետներին և, բացի տեսական խնդիրներ քննարկելուց, դիտարկել ամենատարբեր տեսակի հարցեր՝ իրենց հետագա պրակտիկ գործունեության հետ կապված: Այսօր՝ ավելի քան երբևէ,  պատմագետի, քաղաքագետի, հասարակագետի խոսքը պետք է մեր հասարակությանը: Մենք այս հասարակության առողջացման մասը պետք է կազմենք»,- նշեց Ա. Սիմոնյան՝ առաջարկելով ծանոթանալ համագումարի օրագարգին:

Զեկույցով հանդես եկավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով միության պաշտոնական կայքը, նախատեսվող միջոցառումները, նախագծերը, 2016-2017 թթ. գործունեության ընթացիկ վիճակը, և իրականացրած այլ ծրագրեր:

Հովհաննիսյանը ներկայացրեց 2017 թ. անցկացված ամենամյա «Պատմագետների դպրոց»-ը, որին մասնակցել է 40 պատմաբան՝ հանրապետության տարբեր բարձրագույն հաստատություններից: Դպրոցի շրջանակներում հնարավորություն ընձեռնվեց օնլայն կապ հաստատել նաև գործընկեր համալսարանների, մասնավորապես՝ Վանաձորի և Արցախի պետական համալսարանների հետ:

Մհեր Հովհաննիսյանը խոսեց նաև «Armenian Historical Journal» անգլերեն տարեգրքի մասին: «Նշեմ, որ բոլոր անդամները ստացել են այն բոլոր տեխնիկական  չափորոշիչները, որոնք մշակվել են բացառապես «Chicago style» ամերիկյան ամսագրի չափանիշներին համապատասխան: Հանդեսը լինելու է բացառապես անգլերեն լեզվով և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակով: ԵՊՀ-ն անհրաժեշտության դեպքում իր վրա կվերցնի հոդվածների որակյալ անգլերենի թարգմանության հարցը»,- նշեց Հովհաննիսյանը:

Ներկայացնելով «Հայոց պատմության պարբերացման հիմնախնդիրները» գիտաժողովը՝ Մհեր Հովհաննիսյանը շեշտեց, որ գիտաժողովին զեկուցված նյութերը լույս են տեսնելու «Հայագիտության հարցեր» հանդեսի 2017 թ. երրորդ համարում, որը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:

Անդրադարձ կատարվեց նաև միջազգային համագործակցությանը: Հովհաննիսյանը  առանձնացրեց հատկապես երկու կարևոր գործ.  առաջինն այն է, որ ս. թ. սեպտեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում բաց քվեարկությամբ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն ընտրվեց Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ, երկրորդը՝ Լեհաստանի Պոզնան քաղաքում 2020 թ.-ին կայանալիք Պատմագիտության միջազգային կոմիտեի 23-րդ վեհաժողովին ՀՊՄ-ի մասնակցության թույլտվությունն է: «Մենք՝ որպես լիարժեք անդամ, արդեն ներկայացրել ենք չորս հայտ, որոնցից հաստատվել է «Մերձավոր Արևելքը քաղաքակրթությունների խաչմերուկում» թեմատիկ ուղղությունը և Հայաստանի պատմագետների միությունն այդ ուղղությամբ կուղորդի ապագայում ներկայացվելիք զեկուցումները», — նշեց Հովհաննիսյանը:

Հաջորդ կարևոր ծրագիրն այն է, որ ՀՊՄ-ն 2018 թվականից սկսում է իրականացնել ՀՊՄ անդամ հանդիսացող պատմագետների համար անգլերենի մեկամյա առկա անվճար դասընթաց: Նշենք, որ դասընթացին մասնակցելու հայտերի ընդունումն ավարտվում է 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ին:

Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ Հայաստանի պատմագետների միությունը երիտասարդ պատմագետներին խրախուսելու նպատակով հայտարարում է «Երիտասարդ պատմագետի լավագույն ուսումնասիրություն» մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ հայ պատմագետններ՝ պատմագետի բարձրագույն կրթությամբ (բակալավր, մագիստրոս կամ ասպիրանտ): Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մենագրությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ, իսկ նրանց աշխատանքները կտպագրվեն ՀՊՄ կողմից: Մրցույթի մասնակիցները հայտերը կարող են լրացնել մինչև ս. թ. դեկտեմբերի 31-ը:

Մհեր Հովհաննիսյանը նաև ելույթի վերջում քննարկեց անդամակցության ընթացիկ վիճակը, առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց անդամավճարների, բյուջեի  ընթացիք վիճակը:

Զեկույցով հանդես եկավ նաև ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ով խոսեց 2020 թ. Պոզնանում ՊԳՄԿ-ի 23-րդ կոնգրեսին մասնակցելու հարցի շուրջ: «Համաշխարհային մակարդակով մենք դուրս ենք մնացել միջազգային հարթակներում պատմագիտական խնդիրների քննարկման հնարավորություն  ստանալուց, և 2020 թ. Պոզնանում կայանալիք ՊԳՄԿ-ի 23-րդ կոնգրեսին մասնակցությունը լավ հնարավորույթյուն է մեզ համար: Ինձ համար ուրախալի է նաև այն հանգամանքը,  որ ՀՊՄ-ն բոլորիս համախմբել է մեկ հարթակում և բոլորիս մոտ գերակշռում է հետևյալ մոտեցումը. մենք ընդհանուր գործ ունենք անելու: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս ընկալենք մեր խնդիրները մեկ միասնական և հավաքական ծրագրի մեջ: Ինձ համար ցավալի է նաև, որ մենք այսօր տարածաշրջանում պատմության կեղծարարության դեմ պայքարելու խնդիր ունենք», — նշեց Մելքոնյանը:

Զեկուցող՝ ՀՊՄ խորհրդի անդամ Կարեն Խաչատրյանը ներկայացրեց ՀՊՄ հայտարարությունը: «Ցանկանում եմ խորհրդի անունից շնորհավորել  բոլոր նոր անդամներին, ովքեր համալրել են  մեր շարքերը: Կցանականայի ևս մեկ խնդրի մասին խոսել, որը առնչվում է հենց այն հայտարարության տեքստին՝ ընդունվելած ՀՊՄ արտահերթ համագումարի կողմից: Դա հայոց պատմության բաղադրիչին տեղ հատկացնելն է: Մենք մեր հայտարարությամբ կոչ ենք անում հայոց պատմությանը կարևոր տեղ հատկացնել տարբեր ծրագրերում, հետամուտ լինել պատմագիտության առջև դրված բազմաթիվ խնդիրների լուծմանը և արտաքին մարտահրավերիների դիմագրվմանը: Պատմագիտության զարգացումն այսօր կախված է բոլորիցս, դրա համար պետք է լինել ակտիվ», — նշեց Կ. Խաչատրյանը:

Համագումարին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՊՄ խորհրդի  անդամ Երվանդ Մարգարյանը, ով ներկայացրեց աշխարհի պատմագիտական դպրոցների արդի փուլի ընդհանրական վիճակը:

Համագումարն ամփոփվեց  ընթացիկ հարցերի  քննարկմամբ:

 

 

Comments

comments


Leave a Reply

 

Նոյեմբերի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Հկտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930