Մամուլի ասուլիս ՀՊՄ գործունեության մասին

  • 0

Մամուլի ասուլիս ՀՊՄ գործունեության մասին

Tags : 

Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն»(ՀՊՄ) հասարակական միության գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի՝ գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում»: Պատմագետները համատեղ գործունեության ընթացքում արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ:

ՀՊՄ գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հարթակ տրամադրելու համար, այնուհետև կարճ անդրադարձ կատարեց միության ստեղծման պատմությանը. «Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ միությունը ձևավորվել և գործունեություն է ծավալում պատմագիտության ոլորտում: Նշեմ, որ այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են ավելի քան հարյուր անդամ՝ Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ պամության և արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնկան) համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային արխիվի  պատմագետներ, որոնք ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում»: Հովհաննիսյանը նշեց, որ  միությունը 2017 թ.-ից սկսել է հայտեր ընդունել նաև Սփյուռքից: Կառույցի ստեղծումը  հետապնդում է  մի նպատակ. այն է երկխոսության դաշտ ձևավորել՝ քննարկման հնարավորություն  ընձեռելով ոլորտի բոլոր մասնագետներին: Հաջորդ ձեռքբերումն այն է, որ  ՀՊՄ-ն անդամակցեց Պատմագիտության միջազգային կոմիտեին, որին անդամակցում են ավելի քան 57 պետություն՝ սկսած Կանադայից, մինչև Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա:  Մ. Հովհաննիսյանը խոսեց նաև 2016 թվականից միության կողմից իրականացվող երիտասարդ պատմաբանների համար ամենամյա  ամառային դպրոցի մասին՝ նշելով, որ երիտասարդ մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում  լսել  տարբեր մասնակիցների, զարգացնել վերլուծական միտք  և այլն: Դպրոցի շրջանակներում հնարավորություն ընձեռնվեց   հեռակա կապի միջոցով  դասընթացին մասնակցել նաև  Վանաձորի  պետական համալսարանին և Արցախի պետական համալսարանին: Նրա խոսքով՝ կառույցի հիմնական խնդիրն է նպաստել պատմագիտության  ոլորտի համակարգմանը, զարգացմանը և աջակցել  ոլորտի ներկայացուցիչներին:

Բանախոսի փոխանցմամբ՝ կառույցին անդամակցությունը ինքնանպատակ չէ և հետագայում էլ չպետք է լինի: «Մտնելով այս կառույց՝ մենք պետք է միջազգային ամբիոնը օգտագործենք՝  մեր պատմագիտության խնդիրները վեր հանելու  և համաշխարհային պատմագիտության համատեքստում  դիտարկելու համար: ՀՊՄ-ն նախապատրաստվում է 2020 թ. Պոզնանում  կայանալիք ամեն հինգ տարին մեկ այս կառույցի միջազգային վեհաժողովին, որին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը»,- հավելեց Մ.Հովհաննիսյանը:

Խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի խոսքով՝ պատմագիտությունն այսօր նաև քաղաքական գիտություն է, իսկ Հայաստանն այս հարցում տարբեր մարտահրավերների առաջ է կանգնած: «Առաջինն այն է, որ մեր հարևանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմությունը, և այդ պատմական կեղծարարության դեմ պայքարի համար հայ պատմաբանները մեծ աշխատանք են տանում, և նման կառույցի ստեղծումն այդ առումով կարևոր դրական քայլ է»,-ասաց նա:  Վերջինս խոսեց նաև միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր երկրների պատմաբանների, գիտական հաստատությունների հետ  ավելի ծանրակշիռ  աշխատանքներ տանելու  շուրջ: «Մեր հետագա քայլերից է լինելու նաև այն, որ փորձենք այդ մարմնի միջազգային կառույցում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի կարողանանաք  բարձրաձայնել մեզ հուզող և հրատապ խնդիրներ: Միավորվելու և  համախմբված աշխատանք ենք տանելու, որն էլ կապահովի որակական նոր աստիճան, ինչի արդյունքում պատմագիտության ոլորտը  միանշանակ շահելու է»,- հավելել է Կ.Խաչատրյանը:

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ երկու հարթակներում էլ մեր պատմագիտությունը հաղթանակ գրանցեց: Առաջինն այն է, որ մեկ տարի առաջ միավորվեցին գրեթե բոլոր հայտնի և  պատմագիտության ոլորտում եղանակ ստեղծող անձինք, իսկ երկրորդը անդամակցությունն էր պատմագետների միջազգային կառույցին՝ նոր հարթակ փնտրելու և մի շարք կարևոր խնդիրներին լուծում տալու համար: Վերջինս հավելեց, թե պատմագիտությունը, լինելով քաղաքագիտական գիտություն, իր զարգացման յուրաքանչյուր փուլում տարբեր խնդիրերի առջև է կանգնում: Բանախոսը  նաև  3 կետով առանձնացրեց հիմնական և կարևոր խնդիրներ:

«Նախ, պետք է հայոց պատմությունը՝ սկսած հազարամյակների խորքից մինչև մեր օրեր, ներկայացնել համաշխարհային պատմության մի մասնիկ՝ համահունչ համաշխարհային գործընթացներին: Երկրորդը՝ ներկայացնել պատմություն, զերծ տարբեր քաղաքական հոսանքների ու ուղղությունների ազդեցությունից, լինել օբյեկտիվ, որովհետև հաճախ պատմությունը քաղաքականացվում է, կրում է ժամանակի, իշխող ուժերի և տարբեր հոսանքների ազդեցություն, և պատմական օբյեկտիվությունը շատ դեպքերում դառնում է երկրորդական: Եվ երրորդը՝ պատմական կեղծարարության դեմ պայքարն է։ Երբ մեր հարևանների կողմից տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական գրականություն, իսկ սուտը երկու-երեք անգամ գրելուց հետո դառնում է հղման աղբյուր որոշակի շրջանակների կողմից, ովքեր լավ չեն տիրապետում տարածաշրջանի պատմությանը: Միությունը նախատեսում է առաջիկայում տպագրել անգլերենով գիտական հանդես, որտեղ կներկայացվեն պատմական մտքի նորանոր ձեռքբերումներ, և որոնք կդառնան օտար միջավայրում հղման աղբյուր »,- նշեց Է. Հովհաննիսյանը:

Երեք բանախոսներն էլ միաձայն  արձանագրեցին, որ ոլորտում անելիքները շատ են,  և միասնական աշխատանքի, պատասխանների շնորհիվ  կարելի են լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին, և անկախությունից ի վեր  սա առաջին փորձն է, որտեղ պատմագետները պրոֆեսիոնալ սկզբունքներով միավորվում են մեկ հասարակական խմբի մեջ:

Ասուլիսի վերջում Մհեր Հովհաննիսյանը  կոնկրետ օրինակներով նշեց այն քայլերը, որոնք նախատեսվում են առաջիկայում: Նախ՝ ընձեռել օտարալեզու ձևաչափով ստեղծագործելու հնարավորություն, այս շրջանակներում  ստեղծվել հայոց պատմագիտության  հանդես, որը լույս կտեսնի 2018 թվականի առաջին եռամսյակում, կլինի  բացառապես անգլերեն լեզվով և միջացգային ստանդարտներին համապատասխան: 2018 թ.  նախատեսվում է միության անդամների  համար  անգլերենի անվճար դասավանդման կուրսեր:

Comments

comments


Leave a Reply

 

Հոկտեմբերի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Սպտ   Նյմ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031