Հայաստանի պատմագետների միությունը՝ Պատմագիտության միջազգային կոմիտեի լիիրավ անդամ

  • 0

Հայաստանի պատմագետների միությունը՝ Պատմագիտության միջազգային կոմիտեի լիիրավ անդամ

Tags : 

Սույն թվականի սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացել է Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմագետների միության (ՀՊՄ) պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել կառույցի գործադիր տնօրեն, պ.գ.թ Մհեր Հովհաննիսյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդի անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության  և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:

Ըստ Մհեր Հովհաննիսյանի՝ ՀՊՄ-ն 2016 թ-ից սկսել է բանակցել կառուցի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացած Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովի շրջանակներում, որտեղ կազմակերպչական տարբեր հարցերի քննարկման համար հավաքվել էին կառույցի ներկայացուցչական կազմը, ղեկավարական կազմը, ի թիվս մի շարք երկրների՝ մասնավորապես Կոլումբիայի, Պարագվայի և Ուրուգվայի, քվերակության է դրվել նաև Հայաստանի պատմագետների միության անդամակցության հայտը:

Վեհաժողովի շրջանակներում ներկայացվել են ՀՊՄ-ի անդամկցության հետ կապված նախապատմությունը, կառույցի մասին տվյալներ: Պատվիրակության անդամ Էդգար Հովհաննիսյանը խոսել է ՀՊՄ-ի տեսլականի, հայոց պատմության խնդիրները համաշխարհային պատմության համատեքստում ներկայացնելու շուրջ:

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել բաց քվեարկություն, որտեղ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն ընտրվել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Քննարկվել են նաև 2020 թ-ին կայանալիք Պատմագիտության միջազգային կոմիտեի 23-րդ վեհաժողովին նվիրված խնդիրներ, որի շրջանակներում ՀՊՄ-ն՝ իբրև լիարժեք անդամ, արդեն ներկայացրել է չորս հայտ, որոնցից հաստատվել է «Մերձավոր Արևելքը քաղաքակրթությունների խաչմերուկում» թեմատիկ ուղղությունը: Հայաստանի պատմագետների միությունն այդ ուղղությամբ կուղորդի ապագայում ներկայացվելիք զեկուցումները:

ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը կառույցին անդամակցելը կարևորում է, նախ և առաջ, այն պատճառով, որ կառույցը, որի կազմում արդեն 5 տասնյակից ավել պատմաբանների ազգային միություններ կան, հնարավորություն է ընձեռում նախ ծանոթանալ համաշխարհային պատմագիտության արդի զարգացումներին, գործընթացներին, տեղյակ լինել ոչ միայն վերջին նորություններին, այլ նաև մասնակից լինել այդ գործընթացներին՝ սկսած գիտաժողովներից, կլոր սեղաններից, գիտական  այլ հավաքներից, ավարտած մասնագիտական հրապարակումներով, դիսկուրսների այլ ձևաչափերով: «Նման մասնակցությունը միմիայն կարող է հարստացնել և ավելի զարգացնել հայ պատմագիտական միտքը, նամանավանդ, որ մենք խստագույնս կարիք ունեինք ապահովել Հայաստանի և Սփյուռքի հայ պատմաբանների կապը համաշխարհային պատմագիտության այդ ամբիոնի հետ: Կառույցին անդամակցելը հնարավորություն է ընձեռում նաև օգտվել մասնագիտական դաշտով ֆինանսավորվող հնարավոր ծրագրերից»,- հավելել է Մ. Հովհաննիսյանը:

Comments

comments


Leave a Reply

 

Հոկտեմբերի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Սպտ   Նյմ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031