Monthly Archives: Հոկտեմբերի 2017

  • 0

ՀՊՄ անդամների առաջին համագումար

Tags : 

Ս. թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը:


  • 0

Անգլերենի դասընթաց ՀՊՄ անդամների համար

Tags : 

«Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը 2018 թվականից սկսում է իրականացնել ՀՊՄ անդամ հանդիսացող պատմագետների համար անգլերենի միամյա դասընթաց, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաթերթիկը:
Հայտերի ընդունումն ավարտվում է 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ին:


  • 0

Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում

Tags : 

Սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Նյութի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


  • 0

«Երիտասարդ պատմագետի լավագույն ուսումնասիրություն» մրցույթ

Tags : 

«Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Երիտասարդ պատմագետի լավագույն ուսումնասիրություն» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ հայ պատմագետններ՝ պատմագետի բարձրագույն կրթությամբ (բակալավր կամ մագիստրոս կամ ասպիրանտ): Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մենագրությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ և մենագրությունները կտպագրվեն ՀՊՄ-ի կողմից: Մրցույթի մասնակիցները հայտերը կարող են լրացնել մինչև ս. թ. դեկտեմբերի 31-ը: ՀՊՄ մրցութային հանձնախմբի կողմից հայտերի դիտարկումից հետո մրցույթի առաջին փուլով անցած հայտատուները պետք է մինչև 2018 թ.-ի օգոստոսի 31-ը մրցույթի ներկայացրած իրենց մենագրության ամբողջական էլեկտրոնային տարբերակը ուղարկեն elposthaa@gmail.com էլ. հասցեով, իսկ տպագիր տարբերակը ներկայացնեն ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (Երևան, Ալեք մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ) :


  • 0

ՀՊՄ 20.10.2017 խորհրդի նիստի արդյունքները

Tags : 

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՊՄ խորհրդի 2017 թ. ընթացիկ նիստը: Նիստի օրակարգում ներառված էին 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՊՄ ծավալած գործունեության, անդամակցության և բյուջեի ընթացիկ վիճակի հարցերը:

Խորհրդի նիստը բացեց ՀՊՄ նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Իր խոսքում Սիմոնյանը մատնանշեց Հայաստանում ոլորտի զարգացման հարցում ՀՊՄ ակտիվ գործունեության կարևորությունը՝ կոչ անելով կառույցի անդամներին հետամուտ կերպով մասնակից լինել այդ աշխատանքներին: ՀՊՄ նախագահը նաև շնորհավորեց Խորհրդի անդամներին և ՀՊՄ անդամներին ՀՊՄ Պատմագիտության միջազգային կոմիտեին անդամակցելու կապակցությամբ: Վերոհիշյալ օրակարգային հարցերի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Խոսելով ՀՊՄ 2017 թ. գործունեության վերաբերյալ՝ Հովհաննիսյանը նշեց, որ ՀՊՄ անդամների թիվը հասել է 103, որից երկուսը Սփյուռքից են: «Ըստ էության,- նշեց Հովհաննիսյանը,- մեզ հաջողվեց մեկ կառույցի շուրջ միավորել Հայաստանի և Արցախի հանրապետություններում պատմագիտական ուղղվածություն ունեցող բոլոր գիտակրթական հիմնական կառույցներին: Հաջորդ փուլում մեր աշխատանքները ուղղված պետք է լինեն Սփյուռքի պատմագիտական մտքի ակտիվ ներկայությունը ՀՊՄ շարքերում ապահովելուն»: Հովհաննիսյանը ներկայացրեց նաև ս.թ. սեպտեմբերի 29-30 Մոսկվայում կայացած «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ի համաժողովին ՀՊՄ պատվիրակության արձանագրած հաջողությունները: Այս մասով իրենց տպավորություններով կիսվեցին պատվիրակության անդամներ ՀՊՄ խորհրդի անդամներ Աշոտ Մելքոնյանը, Կարեն Խաչատրյանը և Էդգար Հովհաննիսյանը: Վերջիններս միակամ ընդգծեցին ՊՄԿ հետ ՀՊՄ համագործակցությունը խորացնելու և 2020 թ. Պոզնանում կայանալիք ՊՄԿ 23 կոնգրեսին պատշաճ մասնակցություն ունենալու կարևորությունը:

«Armenian Historical Journal» հանդեսի 2018 թ. առաջին համարի ձևավորման համար որոշվեց հայտարարել հոդվածների ընդունման մեկնարկի մասին, որի համար անհրաժեշտ չափորոշիչները կհրապարակվեն ՀՊՄ կայքում մեկ շաբաթվա ընթացքում:

ՀՊՄ անդամ հանդիսացող պատմագետների համար անգլերենի անվճար դասընթացների և լավագույն պատմագիտական մենագրություն հեղինակած երիտասարդ հայ պատմագետների ՀՊՄ մրցանակբաշխության մասով որոշվեց սկսել հայտերի ընդունում՝ վերջնաժամկետ սահմանելով ս. թ. դեկտեմբերի 31-ը:

Որոշվեց ՀՄՊ անդամների ընդհանուր համագումար հրավիրել ս.թ. նոյեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ին, (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ,ԵՊՀ գիտխորհրդի դահլիճ, մուտքը միայն ՀՊՄ անդամների համար), որի ժամանակ կամբողջացվեն  ՀՊՄ անդամակցության, ֆինանսական, բաժանմունքների և միջազգային գործունեության հարցերը:


  • 0

Մամուլի ասուլիս ՀՊՄ գործունեության մասին

Tags : 

Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն»(ՀՊՄ) հասարակական միության գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի՝ գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում»: Պատմագետները համատեղ գործունեության ընթացքում արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ:

ՀՊՄ գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հարթակ տրամադրելու համար, այնուհետև կարճ անդրադարձ կատարեց միության ստեղծման պատմությանը. «Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ միությունը ձևավորվել և գործունեություն է ծավալում պատմագիտության ոլորտում: Նշեմ, որ այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են ավելի քան հարյուր անդամ՝ Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ պամության և արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնկան) համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային արխիվի  պատմագետներ, որոնք ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում»: Հովհաննիսյանը նշեց, որ  միությունը 2017 թ.-ից սկսել է հայտեր ընդունել նաև Սփյուռքից: Կառույցի ստեղծումը  հետապնդում է  մի նպատակ. այն է երկխոսության դաշտ ձևավորել՝ քննարկման հնարավորություն  ընձեռելով ոլորտի բոլոր մասնագետներին: Հաջորդ ձեռքբերումն այն է, որ  ՀՊՄ-ն անդամակցեց Պատմագիտության միջազգային կոմիտեին, որին անդամակցում են ավելի քան 57 պետություն՝ սկսած Կանադայից, մինչև Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա:  Մ. Հովհաննիսյանը խոսեց նաև 2016 թվականից միության կողմից իրականացվող երիտասարդ պատմաբանների համար ամենամյա  ամառային դպրոցի մասին՝ նշելով, որ երիտասարդ մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում  լսել  տարբեր մասնակիցների, զարգացնել վերլուծական միտք  և այլն: Դպրոցի շրջանակներում հնարավորություն ընձեռնվեց   հեռակա կապի միջոցով  դասընթացին մասնակցել նաև  Վանաձորի  պետական համալսարանին և Արցախի պետական համալսարանին: Նրա խոսքով՝ կառույցի հիմնական խնդիրն է նպաստել պատմագիտության  ոլորտի համակարգմանը, զարգացմանը և աջակցել  ոլորտի ներկայացուցիչներին:

Բանախոսի փոխանցմամբ՝ կառույցին անդամակցությունը ինքնանպատակ չէ և հետագայում էլ չպետք է լինի: «Մտնելով այս կառույց՝ մենք պետք է միջազգային ամբիոնը օգտագործենք՝  մեր պատմագիտության խնդիրները վեր հանելու  և համաշխարհային պատմագիտության համատեքստում  դիտարկելու համար: ՀՊՄ-ն նախապատրաստվում է 2020 թ. Պոզնանում  կայանալիք ամեն հինգ տարին մեկ այս կառույցի միջազգային վեհաժողովին, որին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը»,- հավելեց Մ.Հովհաննիսյանը:

Խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի խոսքով՝ պատմագիտությունն այսօր նաև քաղաքական գիտություն է, իսկ Հայաստանն այս հարցում տարբեր մարտահրավերների առաջ է կանգնած: «Առաջինն այն է, որ մեր հարևանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմությունը, և այդ պատմական կեղծարարության դեմ պայքարի համար հայ պատմաբանները մեծ աշխատանք են տանում, և նման կառույցի ստեղծումն այդ առումով կարևոր դրական քայլ է»,-ասաց նա:  Վերջինս խոսեց նաև միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր երկրների պատմաբանների, գիտական հաստատությունների հետ  ավելի ծանրակշիռ  աշխատանքներ տանելու  շուրջ: «Մեր հետագա քայլերից է լինելու նաև այն, որ փորձենք այդ մարմնի միջազգային կառույցում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի կարողանանաք  բարձրաձայնել մեզ հուզող և հրատապ խնդիրներ: Միավորվելու և  համախմբված աշխատանք ենք տանելու, որն էլ կապահովի որակական նոր աստիճան, ինչի արդյունքում պատմագիտության ոլորտը  միանշանակ շահելու է»,- հավելել է Կ.Խաչատրյանը:

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ երկու հարթակներում էլ մեր պատմագիտությունը հաղթանակ գրանցեց: Առաջինն այն է, որ մեկ տարի առաջ միավորվեցին գրեթե բոլոր հայտնի և  պատմագիտության ոլորտում եղանակ ստեղծող անձինք, իսկ երկրորդը անդամակցությունն էր պատմագետների միջազգային կառույցին՝ նոր հարթակ փնտրելու և մի շարք կարևոր խնդիրներին լուծում տալու համար: Վերջինս հավելեց, թե պատմագիտությունը, լինելով քաղաքագիտական գիտություն, իր զարգացման յուրաքանչյուր փուլում տարբեր խնդիրերի առջև է կանգնում: Բանախոսը  նաև  3 կետով առանձնացրեց հիմնական և կարևոր խնդիրներ:

«Նախ, պետք է հայոց պատմությունը՝ սկսած հազարամյակների խորքից մինչև մեր օրեր, ներկայացնել համաշխարհային պատմության մի մասնիկ՝ համահունչ համաշխարհային գործընթացներին: Երկրորդը՝ ներկայացնել պատմություն, զերծ տարբեր քաղաքական հոսանքների ու ուղղությունների ազդեցությունից, լինել օբյեկտիվ, որովհետև հաճախ պատմությունը քաղաքականացվում է, կրում է ժամանակի, իշխող ուժերի և տարբեր հոսանքների ազդեցություն, և պատմական օբյեկտիվությունը շատ դեպքերում դառնում է երկրորդական: Եվ երրորդը՝ պատմական կեղծարարության դեմ պայքարն է։ Երբ մեր հարևանների կողմից տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական գրականություն, իսկ սուտը երկու-երեք անգամ գրելուց հետո դառնում է հղման աղբյուր որոշակի շրջանակների կողմից, ովքեր լավ չեն տիրապետում տարածաշրջանի պատմությանը: Միությունը նախատեսում է առաջիկայում տպագրել անգլերենով գիտական հանդես, որտեղ կներկայացվեն պատմական մտքի նորանոր ձեռքբերումներ, և որոնք կդառնան օտար միջավայրում հղման աղբյուր »,- նշեց Է. Հովհաննիսյանը:

Երեք բանախոսներն էլ միաձայն  արձանագրեցին, որ ոլորտում անելիքները շատ են,  և միասնական աշխատանքի, պատասխանների շնորհիվ  կարելի են լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին, և անկախությունից ի վեր  սա առաջին փորձն է, որտեղ պատմագետները պրոֆեսիոնալ սկզբունքներով միավորվում են մեկ հասարակական խմբի մեջ:

Ասուլիսի վերջում Մհեր Հովհաննիսյանը  կոնկրետ օրինակներով նշեց այն քայլերը, որոնք նախատեսվում են առաջիկայում: Նախ՝ ընձեռել օտարալեզու ձևաչափով ստեղծագործելու հնարավորություն, այս շրջանակներում  ստեղծվել հայոց պատմագիտության  հանդես, որը լույս կտեսնի 2018 թվականի առաջին եռամսյակում, կլինի  բացառապես անգլերեն լեզվով և միջացգային ստանդարտներին համապատասխան: 2018 թ.  նախատեսվում է միության անդամների  համար  անգլերենի անվճար դասավանդման կուրսեր:


  • 0

Հայաստանի պատմագետների միությունը՝ Պատմագիտության միջազգային կոմիտեի լիիրավ անդամ

Tags : 

Սույն թվականի սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացել է Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմագետների միության (ՀՊՄ) պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել կառույցի գործադիր տնօրեն, պ.գ.թ Մհեր Հովհաննիսյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդի անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության  և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:

Ըստ Մհեր Հովհաննիսյանի՝ ՀՊՄ-ն 2016 թ-ից սկսել է բանակցել կառուցի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում սեպտեմբերի 29-30-ին Մոսկվայում կայացած Պատմագիտության միջազգային կոմիտեի հերթական վեհաժողովի շրջանակներում, որտեղ կազմակերպչական տարբեր հարցերի քննարկման համար հավաքվել էին կառույցի ներկայացուցչական կազմը, ղեկավարական կազմը, ի թիվս մի շարք երկրների՝ մասնավորապես Կոլումբիայի, Պարագվայի և Ուրուգվայի, քվերակության է դրվել նաև Հայաստանի պատմագետների միության անդամակցության հայտը:

Վեհաժողովի շրջանակներում ներկայացվել են ՀՊՄ-ի անդամկցության հետ կապված նախապատմությունը, կառույցի մասին տվյալներ: Պատվիրակության անդամ Էդգար Հովհաննիսյանը խոսել է ՀՊՄ-ի տեսլականի, հայոց պատմության խնդիրները համաշխարհային պատմության համատեքստում ներկայացնելու շուրջ:

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել բաց քվեարկություն, որտեղ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն ընտրվել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Քննարկվել են նաև 2020 թ-ին կայանալիք Պատմագիտության միջազգային կոմիտեի 23-րդ վեհաժողովին նվիրված խնդիրներ, որի շրջանակներում ՀՊՄ-ն՝ իբրև լիարժեք անդամ, արդեն ներկայացրել է չորս հայտ, որոնցից հաստատվել է «Մերձավոր Արևելքը քաղաքակրթությունների խաչմերուկում» թեմատիկ ուղղությունը: Հայաստանի պատմագետների միությունն այդ ուղղությամբ կուղորդի ապագայում ներկայացվելիք զեկուցումները:

ՀՊՄ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը կառույցին անդամակցելը կարևորում է, նախ և առաջ, այն պատճառով, որ կառույցը, որի կազմում արդեն 5 տասնյակից ավել պատմաբանների ազգային միություններ կան, հնարավորություն է ընձեռում նախ ծանոթանալ համաշխարհային պատմագիտության արդի զարգացումներին, գործընթացներին, տեղյակ լինել ոչ միայն վերջին նորություններին, այլ նաև մասնակից լինել այդ գործընթացներին՝ սկսած գիտաժողովներից, կլոր սեղաններից, գիտական  այլ հավաքներից, ավարտած մասնագիտական հրապարակումներով, դիսկուրսների այլ ձևաչափերով: «Նման մասնակցությունը միմիայն կարող է հարստացնել և ավելի զարգացնել հայ պատմագիտական միտքը, նամանավանդ, որ մենք խստագույնս կարիք ունեինք ապահովել Հայաստանի և Սփյուռքի հայ պատմաբանների կապը համաշխարհային պատմագիտության այդ ամբիոնի հետ: Կառույցին անդամակցելը հնարավորություն է ընձեռում նաև օգտվել մասնագիտական դաշտով ֆինանսավորվող հնարավոր ծրագրերից»,- հավելել է Մ. Հովհաննիսյանը:


  • 0

  • 0

  • 0

 

Հոկտեմբերի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Սպտ   Նյմ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031